900_7647

Ներկայացվեցին ALTER ծրագրի շրջանակներում Աշխարհագրական տեղեկատավական համակարգերով իրականացված աշխատանքները

Հունվարի 16-17-ին «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակում, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»/ԱՌՆԱՊ հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) դերը և կիրառումը աղետների ռիսկի կառավարման գործընթացներում․ ALTER ծրագրի արդյունքները» խորագրով դասընթացը։

Դասընթացի հիմնական նպատակն էր՝ ծրագրի շահառուներին, ոլորտում որոշում կայացնողներին, գործող մասնագետներին և ուսանողներին ներկայացնել ծրագրի շրջանակներում ԱՏՀ համակարգերի կիրառմամբ մշակված աշխատանքային նյութերն ու գործիքները, ինչպես նաև դրանցից օգտվելու կարգը։

Օգտվելով առիթից՝ դասընթացի օրակարգում ներառվել էին նաև ԱՏՀ հենքի վրա տարբեր ժամանականերում և տարբեր ծրագրերի շրջանակներում մշակված վեբ-պորտալների և այլ աշխատանքների ամփոփ ներկայացումը:

Առաջին օրվա ընթացքում ներկայացվեց աշխարհագրական տեղեկատվական համակարգերի էությունը, որը հնարավորություն տվեց ներկաներին հասկանալ՝ ի՞նչեր են ԱՏ համակարգերը, ի՞նչ է հնարավոր անել ԱՏ համակարգերով՝ շեշտը դնելով ԱՌՆ ոլորտի վրա և այլն:

Այնուհետև, ԱՏՀ մասնագետ Աղավնի Հարությունյանը խոսեց հեռահար զոնդավորման մասին, ներկայացրեց հեռահար զոնդավորման տեսակները, նշեց՝ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում հեռահար զոնդավորման միջոցով, առավելությունները, ԱԻ ժամանակ դրա կիրառելիությունը։

Հեռահար զոնդավորման միջոցով հնարավոր է քարտեզագրել տարաբնույթ երևույթներ. այդ թվում՝ երկրաշարժեր, ջրհեղեղներ, անտառային հրդեհներ, երաշտներ, սողանքներ և այլն։
Մասնագետը նաև կիսվեց ինչպես ԱՌՆ, այնպես էլ այլ ոլորտներում իր կողմից իրականացված աշխատանքներով:

Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից ALTER ծրագրի համակարգող Ալեքսանդր Առաքելյանը խոսեց ծրագրի շրջանակներում Սյունիքի և Լոռու մարզերում առկա ջրամբարների պատվարների փլուզման դեպքում ջրհեղեղների ռիսկի վերլուծությունից, մոդելավորման մեթոդաբանությունից և արդյունքներից, ALTER գործընկերների մշակած Վեբ-ԱՏՀ գործիքի (alter-flood-crm.aua.am) հնարավորություններից։

Զեկույցները զուգակցվեցին գործնական աշխատանքներով, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին ավելի լավ յուրացնել ներկայացված նյութերը:

Դասընթացին մասնակցեցին ներկայացուցիչներ Փրկարար ծառայության մի շարք ստորաբաժանումներից, Սեյսմիկ ծառայությունից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, Կապանի համայնքապետարանից և այլ շահագրգիռ կառույցներից: