112

ԱՌՆԱՊ հիմնադրամն աջակցում է ՄԱԶԾ-ին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սոցիալ֊տնտեսական իրավիճակի գնահատման գործընթացում

Նոր տիպի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը ներկայումս առավել քան կարևոր խնդիր է, որի կարևրությունը հաշվի առնելով ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)` ՄԱԿ-ի մշտական համակարգողի կողմից ղեկավարվող ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման աշխատանքների շրջանակում, առաջնորդում է սոցիալ-տնտեսական և վաղ վերականգնման ոլորտները, և իրականացնում ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում համայնքային մակարդակում Հայաստանի ողջ տարածքով` համագործակցելով ՀՀ Կառավարության հետ:

Գնահատման գործընթացը սկսվել է ս․թ․ մայիսի 5-ին և իրականացվում է երկու փուլով։
Առաջին փուլում` պիլոտային սկզբունքով, տնտեսվարողների և տնային տնտեսությունների գնահատման հարցաշարերը օգտագործվել են Վաղարշապատ և Բերդ համայնքներում, որոնք լրամշակվել են` հաշվի առնելով հարցումների ընթացքում առաջացած խնդիրները։
Երկրորդ փուլում հարցումները իրականացվում են Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում՝ օգտագործելով համայնքային ներկայացուցչական ներգրավվածության ձևաչափը։

Ուսումնասիրության շրջանակներում պլանավորված է իրականացնել ընդհանուր առմամբ 5010 ավարտական հարցում, որից 3000 հարցումը՝ տնային տնտեսությունների, 1550 բիզնես սեկտորի և 550 ֆերմերային տնտեսությունների հետ, ՀՀ մոտ 130 բնակավայրում:

Ուսումնասիրության ամբողջ գործընթացը համակարգվում է ՄԱԶԾ-ի կողմից` սերտորեն համագործակցելով UNFPA, UNAIDS, UN Women գործակալությունների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, որի շրջանակներում հարցումներ իրականացնելու, հավաքագրված տվյալների վերլուծությամբ՝ բիզնես սեկտորի և ֆերմերային տնտեսությունների մասով պատասխանատու է «Ի ՎԻ Քոնսալտինգ» ՍՊԸ-ն, իսկ տնային տնտեսությունների մասով` «Դեյթամոտուս» ՍՊԸ-ն, ում կողմից ուսումնասիրվում են նաև մի շարք խոցելի խմբերի կարիքներ (բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձիք, նպաստառուներ, միայնակ ծերեր, փախստականներ)։

Հարցումների արդյունքում հավաքագրված տվյալների վերլուծության բացահայտումների հիման վրա Երևանի և բոլոր մարզերի համար կձևավորվեն վաղ վերականգնմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ և ճանապարհային քարտեզներ, որոնք ակնկալվում է, որ օգտակար ներդրում կլինեն ՀՀ կառավարության, Երևան քաղաքի և այլ համայնքների համար՝ Քովիդ-19 համաճարակից վերականգնման պլանավորման գործում։ Վերջապես, այն կաջակցի` չեզոքացնելու նոր կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ ապագայում, ինչպես նաև ի հայտ եկող կարիքների լուծմանը՝ շեշտը դնելով Հայաստանի առավել տուժած և խոցելի խմբերի, ինչպես նաև գործարարության վրա։

ԱՌՆԱՊ հիմնադրամն՝ որպես ՄԱԶԾ գործընկեր, ներգրավվել է ուսումնասիրության կազմակերպման գործընթացում՝ աջակցելով ՄԱԶԾ-ին և սոցիոլագիական ընկերություններին, անհրաժեշտ տվյալների հավաքագրման և հարցումներն իրականացնելու հարցերում:

Անհրաժեշտ տվյալների հավաքագրման հարցում ՄԱԶԾ-ին աջակցել են նաև մարզպետարանները, ընտրված համայնքները, Ներդրումների աջակցման կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ոլորտային ասոցիացիաները:
Հարցումներ իրականացնելու տեսանկյունից բավականին արդյունավետ ներդրում է ունեցել Երևանի քաղաքապետարանի Սոցիալական ապահովության վարչությունը՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական աշխատակիցների ներգրավմամբ, ինչպես նաև գործընթացին աջակցել են կամավորներ՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Ստեփանավանի «Լոռէ փրկարար ջոկատ» ՀԿ-ից, Հայ-սլավոնական համալսարանից, Բերդի «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ից, ինչպես նաև կամավորական հիմունքներով աջակցել ցանկացող, ուսումնասիրության մեջ ներգրավված համայնքերի ներկայացուցիչներ (Չարենցավան, Տաշիր, Եղեգնաձոր և այլն)՝ ընդհանուր թվով մոտ 70 կամավոր:

Հարցումների մոտ 90 %-ն արդեն իրականացված է և գործընթացը գտնվում է տվյալների վերլուծության փուլում: