Hospital safety 1

Սկսում ենք նոր ծրագիր՝ ուղղված բժշկական հաստատությունների ԱՌԿ կարողությունների հզորացմանը

ԱՌՆԱՊ հիմնադրամը՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների անմիջական ներգրավվածությամբ և աջակցությամբ սկսում է մի նոր ծրագիր, որի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ բժշկական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման կարողությունները:

Ծրագիրն իրականացվելու է «Վաղարշապատի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ-ում, «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում և «Պրոֆեսոր Ռ․ Օ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում։ Բժշկական հաստատությունները առաջարկվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից և քննարկվել ծրագրում ներգրավված կողմերի հետ:

Ծրագիրը կարելի է համարել պիլոտային, քանի որ այն նաև նպատակ ունի ստանալ բժշկական հաստատությունների ԱՌԿ կարողությունների զարգացման օրինակելի մոդել՝ բաղկացած մի շարք գործընթացներից և գործիքներից, որը հետագայում կառաջարկվի այլ բժշկական հաստատությունների նույնպես:

Այս ծրագրի իրականացումը նաև ժամանակի պահանջ է՝ հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը և անցյալի աղետալի փորձը և քաղված դասերը (Սպիտակի երկրաշարժ, 1988թ.):

Ծրագրով նախատեսված է՝
1. կիրառել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Հիվանդանոցային անվտանգության ինդեքս» մեթոդաբանությունը, որով ուսումնասիրությունը կիրականացնեն առողջապահության նախարարության փորձագետները:
2. փորձարկել «Բժշկական հաստատությունների օրինակելի ԱՌԿ պլան»-ը, որը մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Փորձարկումը հնարավորություն կտա վերջնականացնել այն և ներկայացնել շահագրգիռ կառույցների քննարկմանը, ապա նաև հաստատման իրավասու կառուցների կողմից:
3. իրականացնել բժշկական հաստատությունների սեյսմիկ խոցելիության գնահատում՝ համապատասխան մասնագիտացված կառույցի կողմից:
4. իրականացնել ԱՌՆԱՊ համապատասխան թեմատիկ խմբի ընթացիկ հանդիպումներ՝ արդյունքները ներկայացնելու և քննարկելու համար, ինչպես նաև դասընթացներ և շտաբային վարժանքեր (երկրաշարժ և համավարակ թեմաներով) ընտրված բժշկական հաստատություններում:
Ծրագիրը նախատեսված է ավարտել ս.թ սեպտեմբեր ամսվա երկրորդ կեսին:

Սույն՝ «Հիվանդանոցների անվտանգություն և արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագիրը մաս է կազմում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «COVID 19-ին արագ արձագանման միջոցներ» ծրագրի: