Հունիսի 25-27, 2020թ.: Առաջին գործնական աշխատանքները իրականացրինք «Հիվանդանոցների անվտանգություն և արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագրի շրջանակներում՝ «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում:
Նպատակներն էին.
1. ուսումնասիրել նշված հիվանդանոցն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Հիվանդանոցային անվտանգության ինդեքս» մեթոդաբանությամբ՝ բացահայտել հիվանդանոցի անվտանգությանը սպառնացող վտանգները, հիվանդանոցի շենքերի կառուցվածքային և ոչ կառուցվածքային անվտանգության մակարդակը (հիմքեր, սյուներ, հեծաններ, կրող պատեր, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, օդափոխություն և այլն) և ուսումնասիրել հիվանդանոցի կառավարման համակարգը՝ հատկապես արտակարգ իրավիճակներում գործելու համատեքստում:
Սույն մեթոդաբանությամբ ուսումնասիրությունը իրականացվեց ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան աշխատանքային խմբի կողմից: Հավաքագրված տեղեկատվությունը ներկայումս գտնվում է վերլուծության փուլում:
Արդյունքում փորձագետները ԱՌՆԱՊ հիմնադրամին են տրամադրելու ուսումնասիրության եզրակացությունը, որում նաև ներառվելու է առաջարկություններ՝ ուղղված հիվանդանոցի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
2. Մշակել հիվանդանոցի աղետների կառավարման պլանը, որով զբաղվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՌՆԱՊ հիմնադրամի փորձագետները:
Սա նոր մոտեցում և ձևաչափ է, որը ներդրվում է հիվանդանոցներում: Ճիշտ է, հիվանդանոցը ուներ ԱԻ-ներին արձագանքման պլան, բայց չուներ սպառնացող վտանգների և ռիսկերի բացահայտման գործիքակազմ, ինչպես նաև չուներ աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացման պլանավորում: Սույն ԱՌԿ պլանը, որը մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, հիվանդանոցին ապահովելու է մի շարք գործիքակազմերով, որոնք հնարավորություն կտան և՛ բացահայտել, և՛ պլանավորել ռիսկերի նվազեցման միջոցառումները, և՛ ունենալ ընթացակարգեր՝ հնարավոր արտակարգ իրավիճակներում կազմակերպված արձագանքում ապահովելու համար:
Եռօրյա այցերի և աշխատանքների արդյունքում ԱՌԿ պլանը 80 տոկոսով պատրաստ է:
Առաջիկա օրերին կունենանք «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի և «Հիվանդանոցային անվտանգության ինդեքս» մեթոդաբանությամբ ուսումնասիրության եզրակացությունը և ԱՌԿ պլանի վերջնական տարբերակները:
Հավելյալ տեղեկատվություն: Սույն հիվանդանոցում նախատեսվում է նաև գնահատել շենքերի սեյսմիկ խոցելիության մակարդակը (որը կիրականացնի մրցույթը հաղթած մասնագիտական որևէ կառույց), իրականցնել «ԱՌՆ հիմունքներ և ԱՌԿ պլանի մշակում» թեմայով դասընթաց, «Երկրաշարժ» և «Համավարակ» թեմայով վարժանքներ:
Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի զրագացման ծրագրի կողմից: