1

«Տեղական մակարդակում ռիսկի կառավարումը» խորագրով հանրային լսումներ՝ Ամասիա խոշորացված համայնքում

Օգոստոսի 31-ին Ամասիայի համայնքապետարանը կազմակերպել էր «Տեղական մակարդակում ռիսկի կառավարումը» խորագրով հանրային լսումներ։ Հանրային լսումները կազմակերպվել էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության արդյունքում՝ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում։

2Լսումների նպատակը աղետների ռիսկի կառավարման համայնքային պլանի նախագծի և տեղական մակարդակում ռիսկերի կառավարման գնահատման հաշվետվությունների ներկայացումն էր, վերջիններիս առնչությամբ շահագրգիռ պետական, մասնավոր կազմակերպությունների և բնակիչների իրազեկման, կարծիքների և առաջարկությունների հավաքագրման աշխատանքների իրականացումը և Ամասիա համայնքում ռիսկի գիտակցմամբ պայմանավորված զարգացման ծրագրերի իրականացումը:

Լսումների ընթացքում «Լոռէ փրկարար ջոկատ» ՀԿ-ի նախագահ Արմեն Առաքելյանի կողմից ներկայացվեց տեղական մակարդակում ռիսկերի կառավարման գնահատման հաշվետվությունը։
«Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերության ղեկավար Հեկտոր Բաբայանը ներկայացրեց Ամասիա համայնքում իրականացված սցենարային երկրաշարժի և սողանքների հետևանքով հնարավոր կորուստների և կարևորագույն ենթակառուցվածքների վնասվածության գնահատման հաշվետվությունը։

ԱԻՆ փոխգնդապետ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացվեց Ամասիա խոշորացված համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում արձագանքման պլանի նախագիծը, որից հետո ներկայացված հաշվետվությունների առնչությամբ շահագրգիռ պետական, մասնավոր կազմակերպությունների կողմից ծավալվեցին քննարկումներ, ներկայացվեցին կարծիքներ և առաջարկություններ՝ ուղղված Ամասիա համայնքում ռիսկերի գիտակցմամբ պայմանավորված զարգացման ծրագրերի իրականացմանը։ 3

Ամասիա համայնքի ղեկավար տ-ն Հարությունյանն առանձնակի շեշտեց, որ հանրային լսումների արդյունքում նշանակալիորեն կբարձրանան աղետների ռիսկի կառավարման համայնքային պլանի և տեղական մակարդակով ռիսկի կառավարման վերաբերյալ գիտելիքները, վեր կհանվեն հասարակական մտահոգությունները, տրամադրությունները և կքննարկվեն աղետների ռիսկերի նվազեցման պոտենցիալն ու դրա գիտակցմամբ պայմանավորված համայնքային զարգացման օգուտները։ ՄԱԶԾ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի համակարգող Արտակ Ոսկանյանը նշեց, որ համայնքի հետ համագործակցությունը լինելու է շարունակական և հույս հայտնեց, որ իրականացված մասնագիտական վերապատրաստման դասընթացներում փոխանցված գիտելիքները անմիջապես կներդրվեն Ամասիա համայնքի ԱՌԿ խորհրդի գործունեության շրջանակներում, իսկ ներկայացված առաջարկությունները կներառվեն համայնքի զարգացման հնգամյա պլանում՝ ապահովելով ռիսկերի գիտակցմամբ պայմանավորված զարգացում։