IMG_6075

«Ուժեղ երկրաշարժի դեպքում՝ «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործողությունները» թեմայով շտաբային վարժանքն իրականացված է

Ս.թ. սեպտեմբերի 9-ին «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) խորհրդի ներգրավմամբ՝ խաղարկվեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում՝ «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործողությունները» թեմայով շտաբային վարժանք:

Վարժանքի ուսումնական նպատակներն էին.
• ստուգել «Իջևանի ԲԿ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ ԲԿ) անձնակազմի և ոլորտային պատասխանատուների պատրաստվածությունը,
• ստուգել անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները՝ ստեղծված իրավիճակում գործելու համատեքստում,
• բարձրացնել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի հետ փոխգործակցության արդյունավետությունը,
• նպաստել ԲԿ-ի արտակարգ իրավիճակների կանխման, կանխարգելման կարողությունների կատարելագործմանը:

Վարժանք իրականացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների ղեկավարման ներքո: Վարժանքին մասնակցում էին նաև «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները:

ԸՍՏ ՎԱՐԺԱՆՔԻ ՍՑԵՆԱՐԻ
2020 թ. սեպտեմբերի 9-ին ժամը 11:00 սահմաններում (ժամը՝ տեղական) ՀՀ տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Ուժգնությունը 7.6 մագնիտուդ, հիպոկենտրոնը 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը` Իջևան քաղաքային բնակավայրից 18.4 կմ դեպի հարավ: Էպիկենտրոնային գոտում` ըստ Ռիխտերի սանդղակի ուժգնությունը կազմել է 8-9 բալ: Համաձայն մոնիթորինգի հաշվարկային գնահատականի` առավել բարդ իրավիճակ կստեղծվի Իջևան քաղաքային բնակավայրում: Երկրաշարժի հետևանքով հնարավոր տուժած բնակչության թիվը կկազմի 6300 մարդ, որից անվերադարձ` 1500 մարդ, սանիտարական` 4800 մարդ: Էներգամատակարարման ու ջրմուղ-կոյուղու համակարգերի վերգետնյա ու ստորգետնյա ցանցերում տեղի կունենան վթարներ` էլեկտրամատակարարման համակարգում՝ 127 կմ, գազամատակարարման համակարգում՝ 80 կմ, ջրմուղ-կոյուղու ցանցում ընդհանուր առմամբ 220 կմ, հեռախոսացանցի վթարը կկազմի 70 կմ:

Վարժանքի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղարկվեց 11 միջանկյալ:

Վարժանքը ավարտվեց արդյունքների ամփոփմամբ: Նախևառաջ մասնակիցները խոսեցին պարբերաբար վարժանքներ (թե՛ շտաբային, թե՛ դաշտային) անցկացնելու կարևորության մասին, անդրադարձան սույն վարժանքի շրջանակներում արժեքավոր տեղեկատվություն ստանալու հարցերին և շնորհակալություն հայտնեցին աջակցության և համագործակցության համար, որի շնորհիվ իրենք դարձան մեկ քայլ ավելի դիմակայուն, քան նախկինում էին:

Այնուհետև կազմակերպիչները քննարկեցին վարժանքը, անդրադարձան դրական և բացասական կողմերին, տրամադրեցին խորհրդատվություն՝ թերությունները շտկելու ուղղությամբ:

Շտաբային վարժանքի մասնակիցների թիվը 22 էր, որից 14-ը՝ կին, 8-ը՝ տղամարդ:

Սույն շտաբային վարժանքը իրականացվեց «Հիվանդանոցների անվտանգություն և արտակարգ իրավիճակներին արձագանքնելու պատրաստվածություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և իրականացվում «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի կողմից: