1-IMG_1552

Դեռահասները կմշակեն նախագծային աշխատանքներ՝ իրենց համայնքին սպառնացող վտանգների վերաբերյալ

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնության շրջանակներում այս տարվա մայիս ամսից իրականացվում է «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար և դեռահասների մասնակցությունը, կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար» ծրագիրը, որի բաղադրիչներից մեկն ուղղված է Ամասիա, Թումանյան, Ալավերդի և Բերդ խոշորացված համայնքների դպրոցների աղետների ռիսկի նվազեցման կարողությունների հզորացմանը:

Մասնավորապես՝ պլանավորված է դպրոցների երեխաների շրջանում հզորացնել համայնքին սպառնացող վտանգների, համայնքային խնդիրների բացահայտման, գնահատման և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների մշակման կարողությունները, աջակցել նրանց մոտ համայնքի զարգացման համատեքստում պատասխանատվության զգացումի ձևավորմանը, առավել ամուր կապի հաստատմանն երիտասարդների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ 21-րդ դարի հմտությունների տրամադրման միջոցով:

Նպատակին հասնելու առաջին գործողությունը «Աղետների ռիսկի նվազեցման հիմունքներ, տեղական մակարդակում ռիսկի կառավարում և քարտեզագրում» թեմայով երկօրյա դասընթացների իրականացումն էր, որը նախատեսված էր դպրոցի ուսուցիչների և վարչական աշխատակազմի համար:

Երկօրյա դասընթացի ընթացքում ներկայացվեց մոտ 10 թեմա՝ աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) հիմունքների, ԱՌԿ պլանավորման գաղափարի, սկզբունքների և մոտեցումների (դպրոցի և համայնքի մակարդակներում), տեղական մակարդակում ռիսկի բացահայտման, գնահատման, խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթի ձևավորման, վտանգների, խոցելիության և կարողությունների քարտեզագրման կարևորության, քարտեզագրման պարազագույն մեխանիզմների մասին:

Խոսվել է 21-րդ դարի հմտությունների մասին: Հատուկ անդրադարձ է կատարվել նախագծային աշխատանքի իրականացման քայլերին, որի նպատակն է մասնակցության մշակույթը կրթության միջոցով տարածել համայնքներում, օգնել նաև սովորել և ամրապնդել 21-րդ դարի հիմտությունները՝ սովորել անելով (learning by doing)։ Շեշտադրում է արվել դեռահասների մասնակցության կարևորությանը համայնքի խնդիրների լուծմանը, համայնքի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության հավաքագրմանը, սպառնացող վտանգների գնահատմանը, կարողությունների վերհանմանը, ակնադիտական զննումների, երկրորդական աղբյուրներից տվյալների հավաքագրմանը և կիսակառուցվածքային հարցազրույցների իրականացման տեխնիկային։
Մասնակիցները ստացած գիտելիքներն օգտագործելու են իրենց դպրոցներում՝ աշակերտների ներգրավվմամբ «անվտանգության խմբակներ» ձևավորելու և նախագծային աշխատանքներ կազմելու ժամանակ:

Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 8 հատ երկօրյա դասընթաց (հունիսի 18-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում), որին մասնակցել են 49 դպրոցի 143 ներկայացուցիչ: Մասնակիցներից 123-ը ուսուցչական անձնակազմից էին (61 տղամարդ, 62 կին), 18-ը՝ ադմինիստրատիվ աշխատակազմից (7 տղամարդ, 11 կին) և 2-ը՝ աշակերտ (1 տղա, 1 աղջիկ):

Ծրագրի սույն բաղադրիչներն իրականացվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի Մարդկային անվտանգության հիմնադրամը:

Հաջորդ քայլը «անվտանգության խմբակ»-ների ձևավորումն է ու նախագծային աշխատանքների իրականացումը: