1-IMG_3235

Դպրոցների ԱՌԿ խմբակները ներկայացրին իրենց նախագծային աշխատանքները

ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից համատեղ իրականացվող «Անվտանգ կրթական միջավայր երեխաների համար և դեռահասների մասնակցությունը, կլիմայական ռիսկերի գնահատում համայնքների համար» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ին՝ Ամասիայում, հոկտեմբերի 27-ին՝ Բերդում, հոկտեմբերի 28-ին՝ Թումանյանում և հոկտեմբերի 29-ին Ալավերդիում անցկացվեց թիրախ դպրոցների կողմից մշակված նախագծային աշխատանքների ներկայացման միջոցառումները:

Ընդհանուր թվով 36 դպրոց մասնակցեց միջոցառումներին:

Ներկայացված աշխատանքների գնահատման նպատակով՝ դպրոցների ԱՌԿ խմբակների համակարգողներից ձևավորվեցին հանձնաժողովներ, որոնք էլ փորձագետների կողմից նախօրոք մշակված ցուցանիշներով՝ գնահատեցին ներկայացված նախագծերը:

Գնահատման ժամանակ հաշվի են առնվել մի շարք հարցեր, այդ թվում՝ արդյո՞ք իրականացված ուսումնասիրությունները առնչվում են ընտրված հիմնախնդրին, նյութի շարադրանքը տրամաբանական է, թե՞ ոչ, նախագծի բոլոր փուլերն են ներառված զեկույցում, նյութերը ինչքանո՞վ են հետաքրքիր և բովանդակալից ներկայացված, արդյո՞ք հավաքագրված նյութերը բավարար են վերլուծության համար, թեման ամբողջությամբ է ուսումնասիրված և առաջարկված լուծումները ինչքանո՞վ են իրատեսական:

Գնահատման արդյունքում՝ 6 ամենաբարձր միավորներ ստացած դպրոցները ստացան խրախուսական մրցանակներ (բազմաֆունկցիոնալ գունավոր տպիչ սարք, կազմարարական սարք և այլ նյութեր): Այդ դպրոցներն են.

– Ամասիա համայնքում՝ Ամասիայի միջնակարգ դպրոցը (թեմա՝ կարկտահարության վնասակար ազդեցությունը Ամասիա համայնքի վրա)։
– Թումանյան համայնքում՝ Թումանյանի միջնակարգ դպրոցը (թեմա՝ Թումանյան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերն իրար կապող հատվածում առկա սելավատարի անմխիթար վիճակը):
– Բերդում համայնքում՝ Մովսեսգեղի (թեմա՝ Մովսես գյուղի “Առաջնային առողջության պահպանման կենտրոնում՛ անհրաժեշտ սարքավորումների բացակայությունը) և Չինարիի (թեմա՝ Չինարի գյուղի դպրոցում բուժկետի բացակայությունը) միջնակարգ դպրոցները։
– Ալավերդի համայնքում՝ Կաճաճկուտի հիմնական (թեմա՝ Կաճաճկուտ գյուղում աղբահանության բացակայությունը) և Ալավերդու Ստ. Շահումյանի անվ. թիվ 5 ավագ (թեմա՝ Ալավեդի համայնքի N5 դպրոցի տանիքի անմխիթար վիճակը) դպրոցները:

Նախագծային աշխատանքներ ներկայացրած բոլոր 36 դպրոցներին՝ որպես աջակցություն, տրամադրվել է 3-ական ОП-4 կրակմարիչ և 1-ական ОП-5 կրակմարիչ:

Գործընթացում ներգրավվել են ընդհանուր թվով 289 մարդ, որից 55-ը ուսուցիչ էին (8 տղամարդ, 47 կին), 234-ը՝ աշակերտ (92 տղա, 142 աղջիկ):
Որպես հաջորդ քայլ՝ ԱՌԿ խմբերն իրենց աշխատանքները պետք է ներկայացնեն դպրոցի ԱՌԿ խորհրդին և համայնքապետին / վարչական պատասխանատուներին։

Միջոցառումները իրականացվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի Մարդկային ավտանգության հիմնադրամը: