yerevan-from-cascades-ararat-1-1

Ինչպես դիմակայել երկրաշարժին.Մաս 1-Ի՞նչ է երկրաշարժը

Երկրաշարժը բնական երևույթ է, որը դառնում է աղետ մարդկանց սխալ գործունեության հետևանքով՝ բերելով իր հետ մարդկային զոհեր և նյութական կորուստներ: Երկրաշարժի ժամանակագրության ընթացքում գրանցվել են միլիոնավոր զոհեր, հարյուրավոր ավերված քաղաքներ ու գյուղեր, վնասված, քանդված և փլուզված շենքեր:

Երկրաշարժի աղետալի հետևանքները կախված են վայրից, փրկարարական ծառայություններից կարողություններից, տարածքի երկրաբանական պայմաններից, շինարարության որակից, բնակչության խտությունից և այլ շատ գործոններից:
Հայաստանը գտնվում է աշխարհի սեյսմաակտիվ տարածաշրջաններից մեկում և գրեթե ամբողջ երկիրը գտնվում է բարձր սեյսմիկ վտանգ ներկայացնող գոտում:

Երկրաշարժը ավելի վտանգավոր է դառնում, երբ մարդիկ չգիտեն դրանից պաշտպանվելու տարրական կանոնները: Եթե անձը նախապես պատրաստված է, ապա մեծ հավանականությամբ երկրաշարժի դեպքում նա ավելի ճիշտ վարքագիծ կդրսևորի՝ նվազագույնի հասցնելով երկրաշարժի հնարավոր բացասական հետևանքները: Հետևաբար ամեն մարդ, ով ապրում է երկրաշարժավտանգ գոտում, պետք է գիտակցաբար և կանոնավոր կերպով պլանավորի իր գործողությունները հնարավոր երկրաշարժի դեպքում:

Դուք ավելի մեծ հնարավորություններ կունենաք փրկվելու, եթե նախապես որոշեք ձեր գործողությունները տարբեր հանգամանքների և իրավիճակների դեպքում՝ կեսօրին, գիշերը, տանը, աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, կամ այլ վայրերում, որտեղ սովորաբար լինում եք:

ՀԻՇԵ՛Ք: Դուք չեք կարող կանխել երկրաշարժը, սակայն կարող եք խուսափել նրա բացասական հետևանքներից, եթե նախապես պատրաստված լինեք:

Պատրաստված լինել երկրաշարժին՝ նշանակում է տեղեկացված լինել, թե ինչ քայլեր պետք է անել մինչև երկրաշարժը և երկրաշարժի ժամանակ: Սովորելով համապատասխան արձագանքման քայլեր և վարժվելով՝ դուք կունենաք խուճապի չմատնվելու, ձեզ պաշտպանելու և այլոց օգնության հասնելու ավելի իրատեսական հնարավորություններ:
Եկեք պատրաստված լինենք և միասին կերտենք մեր դիմակայուն և անվտանգ երկիրը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…