arthur-erkrasharj-1-728

Ի՞նչ անել երկրաշարժից առաջ

Յուրաքանչյուր մարդ, ով ապրում է սեյսմավտանգ գոտում պետք է իմանա ինչ անել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո՝ հնարավորինս քիչ տուժելու համար:

Երկրաշարժից առաջ պետք է՝
• Շենքի սեյսմակայունությունը նվազեցնող ձևափոխումներ չկատարել,
• Շենքերի մուտքերը, աստիճանահարթակները և միջանցքներն ազատել մեծածավալ առարկաներից, ստորին հարկերի պատուհանների մետաղյա անշարժ ճաղաշարերը դարձնել շարժական, երկաթյա դռները փոխարինել փայտյա դռներով, պահեստային ելքերը ազատ պահել,
• Ծանր սարքավորումները և կահույքը ամրացնել հատակին կամ պատին,

• Մահճակալները տեղադրել պատուհաններից, ապակե միջնապատերից, հայելիներից հեռու՝ կրող պատերի մոտ, դրանց վերևում չկախել ծանր առարկաներ: Հիշեք, որ կահույքը պետք է տեղադրել այնպես, որ ցնցումների ժամանակ շրջվելիս չարգելափակի դուռը:
• Ընտանիքի անդամներով որոշել և հիշել հանդիպման վայրը երկրաշարժից հետո: Հանդիպման վայրը ընտրել տանից ոչ հեռու՝ բաց տարածությունում:
• Նախապես որոշել տան, աշխատատեղի կամ դպրոցի ամենաանվտանգ վայրերը (հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, հիմնասյուները), որտեղ կարելի է պատսպարվել մինչև ցնցումների ավարտը և երկրաշարժի դեպքում շինության ամենաանվտանգ ելքերը:
• Տանը ունենալ պայուսակ-աղետի կապոց՝ առաջին օգնության պարագաներ, մի քանի օրվա սննդի պաշար, ջուր 2-3 օրվա համար, մարտկոցով ռադիոընդունիչ, գրպանի լապտեր, կարևոր փաստաթղթեր, տաք հագուստ և այլն: Ժամանակ առ ժամանակ փոխել, թարմացնել սննդի և ջրի պաշարները:
• Տիրապետել և նախապես ընտանիքի անդամներին սովորեցնել առաջին օգնություն ցուցաբերել:
• Ստուգեք բնակարանի վիճակը, ծխնելույզը, գազատար խողովակները, էլեկտրական լարերը:
• Ընտանիքի անդամներին ծանոթացնել տարահանման պլանի հետ:
• Հսկողության տակ պահել բնակարանի այն հատվածները, որտեղ կարող է հրդեհ բռնկվել և հեռացնել բոլոր դյուրավառ նյութերը:
• Ունենալ կրակմարիչ տանը, պարբերաբար ստուգել պիտանելիության ժամկետը և սովորել դրանից օգտվելու կանոնները:
• Մասնակցել բոլոր այն վարժանքներին, որոնք ուղղված են երկրաշարժից պաշտպանելուն:
• Որոշել կոլեկտիվի անդամներից յուրաքանչյուրի պարտականությունները՝ ով ինչ պետք է անի, որպեսզի խուճապ չառաջանա:
• Երեխաների հետ պարբերաբար, խաղերի օգնությամբ, պարապմունքներ անցկացնել, թե ինչպես պետք է պահեն իրենց երկրաշարժի ժամանակ:

Աղբյուր՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերություն-«Անվտանգ ընտանիք» ձեռնարկ