image18_2799

Կայուն զարգացման գագաթնաժողով

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում գտվող ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում սկսվեց կայուն զարգացման գագաթնաժողովը, որին մասնակցում են աշխարհի մոտ 150 երկրների ղեկավարներ:
Գագաթնաժողովի հիմնական նպատակն է պաշտոնապես ընդունել կայուն զարգացման նոր օրակարգի ամփոփիչ փասթաթուղթը:

Օրակարգը ուղղված է մինչև 2030 թվականը աղքատության վերացման, բարգավաճման ու մարդկանց բարեկեցության խթանմանը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը: Այն իր մեջ ներառում է կայուն զարգացման 17 նպատակներ և գալիս են փոխարինելու 2000թ. ընդունված Հազարամյակի զարգացման ութ նպատակներին։
Վերոնշյալ կայուն զարգացման 17 նպատակներն են՝
1. Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով,
2. Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության ու բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը,
3. Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից,
4. Ապահովել ներառական ու հավասարապես հասանելի որակյալ կրթություն և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ բոլորի համար,
5. Հասնել գենդերային հավասարության, զորացնել բոլոր կանանց և աղջիկներին,
6. Ապահովել բոլորի համար ջրի ու սանիտարական պայմանների առկայությունը և դրանց կայուն կառավարումը,
7. Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն,
8. Խթանել շարունակական, համապարփակ ու կայուն տնտեսական աճ, լրիվ և արդյունավետ զբաղվածություն ու արժանապատիվ աշխատանք բոլորի համար,
9. Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել ընդգրկուն և կայուն արդյունաբերության զարգացմանը, խթանել նորարարությունը,
10. Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև,
11. Քաղաքներն ու մարդկային բնակավայրերը դարձնել կայուն, ներառական, անվտանգ և դիմակայուն,
12. Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ,
13. Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ (հիմնվելով «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովի համաձայնությունների վրա),
14. Ապահովել օվկիանոսների, ծովերի ու ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը ՝ հանուն կայուն զարգացման,
15. Պաշտպանել և վերականգնել ցամաքային էկոհամակարգերն ու խթանել դրանց կայուն օգտագործումը, ապահովել անտառների կայուն կառավարումը, պայքարել անապատացման դեմ, դադարեցնել և շրջադարձել հողերի վատթարացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը,
16. Խթանել խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը՝ հանուն կայուն զարգացման, բոլորի համար հասանելի դարձնել արդարությունը, բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական հաստատություններ,
17. Կատարելագործել ԿԶՆ-ների իրականացման միջոցներն ու ակտիվացնել գլոբալ գործընկերությունը՝ հանուն կայուն զարգացման:
Կայուն զարգացման նոր օրակարգը «Վերափոխելով մեր աշխարհը. Կայուն զարգացման օրակարգ – 2030» վերնագրով 29 էջից բաղկացած փաստաթուղթ է,որի նախաբանում ասվում է. «Մենք լի ենք վճռականությամբ՝ մարդկությունն այս սերնդի ընթացքում ազատելու աղքատության ճիրաններից, և ցանկանում ենք առողջացնել ու պահպանել մեր մոլորակը ներկա և ապագա սերունդների համար»: