IMG_8195

Ընդդեմ բնապահպանական արտակարգ իրավիճակների

Հոկտեմբերի 6-9-ը ՀՀ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում (ՃԿՊԱ) անցկացվեց «Բնապահպանական արտակարգ իրավիճակներ և FEAT-ի (Էկոլոգիական արտակարգ իրավիճակի արագ գնահատման գործիք) տեղայնացում» թեմայով դասընթաց:
Նախաձեռնության հիմնական նպատակն էր ստեղծել հրանգչային բազա և դրանով իսկ նպաստել պատրաստվածության բարձրացմանը բնապահպանական արտակարգ իրավիճակների ոլորտում:

ՄԱԿ-ի հումանիտար աջակցության գրասենյակի աշխատակից Ելիզավետա Ռուբաչի տեղեկացմամբ նմանատիպ դասընթաց անցկացվում է դեռևս Հայաստանում:
Դասընթացը իրենից ներկայացնում էր խաղերի, վարժությունների և տեսական նյութերի ամբողջություն: Այսինքն դասընթացի ընթացքում կիրառվել են ինֆորմացիան մատուցելու տարբեր եղանակներ, որի արդյունքում էլ ներկայացված նյութերը ավելի լավ են յուրացվել մասնակիցների կողմից:
Դասընթացը բաղկացած էր 2 հիմնական փուլերից: Առաջին փուլում (հոկտեբերի 6-7) UNEP/OCHA միավորված խմբի ժնևյան գրասենյակից ժամանած փորձագետները ուսուցանեցին թվով 12 մասնակիցներին, ովքեր հոկտեմբերի 8-9-ը արդեն որպես հրահանգիչներ ուսուցանեցին մարզային փրկարար ծառայությունների ներկայացուցիչներին և ԱՌՆ ոլորտում կամավոր հանդիսացող մի շարք երիտասարդների:
Դասընթացը կազմակերպվել է աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի, ՄԱԿ-ի հումանիտար աջակցության գրասենյակի և ՃԿՊԱ-ի նախաձեռնությամբ: Դասընթացների կազմակերպչական հարցերում աջակցություն է ցուցաբերել ԱՌՆԱՊ հիմնադրամը:
Նշենք նաև, որ վերոնշյալ դասընթացը ներառվելու է ՃԿՊԱ ուսումնական ծրագրում: