_MG_5469

911 կարգավար օպերատորների վերապատրաստման դասընթաց. 3-րդ փուլ

Համաձայն Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ), ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) և Գերմանական Կարմիր խաչի (ԳԿԽ) Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԲՎԵԿ) երկրամասային դպրոցի միջև 2013թ.-ի նոյեմբերին կնքված հուշագրի` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՀՀ ԱԻՆ-ի, ՃԿՊԱ-ի և ԱՌՆԱՊ հիմնադրամի համատեղ ջանքերով ս.թ. ապրիլի 18-ին մեկնարկեց ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) 911 ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի անձնակազմի համար նախատեսված դասընթացի 3-րդ փուլը, որը կտևի մինչև ս.թ. ապրիլի 29-ը:
Դասընթացի մասնագետներին ողջունեցին ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, ՃԿՊԱ-ի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, Գերմանիայից ժամանած մասնագետներ Ռոլֆ Վիդեռը և Վոլֆգանգ Շմիդթը:

Դասընթացի նպատակն է եվրոպական չափորոշիչների համապատասխան 911 ծառայության կարգավար օպերատորների ուսուցման փաթեթը ներառել ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ուսումնական ծրագրերում: Դասընթացի շրջանակներում ՃԿՊԱ-ի համապատասխան դասախոսական անձնակազմը և ՃԿԿ-ի մասնագետները կամրապնդեն իրենց հմտությունները: Միաժամանակ 911 կարգավար օպերատորներն ու աշխատակիցները կվերապատրաստվեն եվրոպական չափորոշիչների համապատասխան: Հարկ է նշել, որ ի տարբերություն նախորդ երկու փուլերի` այս փուլում արդեն դասընթացը վարելու են միայն ՃԿՊԱ-ի դասախոսներ և ՃԿԿ մասնագետներ՝ Գերմանիայից ժամանած մասնագետների վերահսկողության ներքո: Դասընթացի հիմնական թեմաներն են՝ ճգնաժամային կառավարման ոլորտի իրավական հիմունքներ, վերահսկիչ կենտրոնի տեխնիկական կառուցվածք, սթրես և սթրեսի հաղթահարում, խոսակցությունների վարում, հեռախոսով առաջին օգնություն, վերահսկիչ կենտրոնում բարդ իրավիճակների հաջորդական մշակում և այլն:
Դասընթացը այս տարի ևս բաղկացած է տեսական և գործնական մասերից: Դասընթացի վերջում մասնակիցները կհանձնեն քննություն և կստանան համապատասխան վկայական:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով։