IMG_2198

Դասընթաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ և ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ մշակվում է Տեղական մակարդակում ռիսկի կառավարման (ՏՄՌԿ) մեթոդաբանության կիրառման մեթոդական ուղեցույց, որը հնարավորություն կտա համայնքներին սեփական ուժերով իրականացնել համայնքին սպառնացող վտանգների, դրանց նկատմամբ համայնքի խոցելիության և առկա կարողությունների բացահայտում ու գնահատում, ինչպես նաև մշակել ու համայնքի զարգացման ծրագրերում ներառել համապատասխան միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան կանխել ու կանխարգելել վտանգները, նվազեցնել խոցելիությունը և բարձրացնել առկա ռիսկերին դիմակայելու՝ համայնքի կարողությունները։

Ուղեցույցի մշակման գործընթացին աջակցելու նպատակով, փորձագիտական խմբի հանդիպումների ընթացքում, որոշվել էր կազմակերպել ՏՄՌԿ մեթոդաբանության վերապատրաստման դասընթաց ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության վարչության աշխատակիցների համար, ովքեր ներգրավված են ուղեցույցի մշակման աշխատանքներում։

Դասընթացն իրականացվում էր Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համաֆինանսավորմամբ, ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Կապան և Սյունիք համայնքների դիմակայունության բարձրացման գործընթացին» և «Արտակարգ իրավիճակներում երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և կրթական հաստատությունների պատրաստվածության բարելավման միջոցով» ծրագրերի շրջանակներում:

Դասընթացն իրականացվում է մի քանի փուլով և բաղկացած է տեսական ու գործնական մասերից: Տեսական մասն իրականացվում էր ՀՀ ԱԻՆ-ում, իսկ գործնական մասը՝ Զովունի համայնքում:

Դասընթացի առաջին փուլը մեկնարկեց մարտի 2-ին, որի ժամանակ ՏՄՌԿ ձեռնարկի համահեղինակ, ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը մասնակիցներին ներկայացրեց ՏՄՌԿ մոդուլում ներառված վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման գործիքները, դրանցից յուրաքանչյուրի կիրառման առանձնահատկությունները։

Հաջորդ փուլում, որը նախատեսված է մարտի 10-ին, դասընթացի մասնակիցները կայցելեն Զովունի համայնք՝ վտանգների, խոցելիության և կարողությունների վերաբերյալ տվյալների հավաքագրման և համայնքի ԱՌՆ թիմի ձևավորման նպատակով։

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: