7562

Աշխատանքային հանդիպում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ

Մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային հանդիպում-քննարկում ունեցավ Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմի շրջանակներում ակտիվ գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպությունների (ԱՌՆ ազգային պլատֆորմ /ԱՌՆԱՊ հիմնադրամ, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, «Սեյվ դը Չիլդրեն», «Օքսֆամ/ՕքսԵՋեն», Գերմանական Կարմիր Խաչի (ԳԿԽ) Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԲՎԵԿ) մասնաճյուղ, Հայկական կարմիր խաչի ընկերություն, «Հաբիթաթ Արմենիա», Հայկական Կարիտաս, «ԼոռԷ» փրկարար ջոկատ ՀԿ) ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային քննարկման ընթացքում նախարար Դ. Տոնոյանին ներկայացվեցին վերոնշյալ կազմակերպությունների գործունեությունը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում, ինչպես նաև՝ համագործակցության ուղղություններն ԱԻ նախարարության հետ:

Կարևորվեց սահմանամերձ համայնքներում աղետների ռիսկի նվազեցման և աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ գործարկվող ծրագրերի իրականացումը, ինչպես նաև՝ բնակչության դիմակայունության և իրազեկման բարձրացման նպատակով տարբեր թիրախային խմբերի՝ մասնավորապես դպրոցական տարիքի երեխաների համար ուսուցողական նյութերի հասանելիության ապահովումը:

«Յուրաքանչյուր լսարանի համար տեղեկատվությունը պետք է հասանելի լինի իր հետաքրքրություններին համապատասխան հարթակներում», – նշեց նախարար Դ. Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց նաև տարբեր ուսուցողական նյութերի թվայնացման և առցանց խաղերի ստեղծման կարևորությունը: Քննարկվեց համայնքային բյուջեում աղետների ռիսկի նվազեցման ոլորտին առանձին հատկացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: