IMG_2473

Հրահանգչային դասընթաց Կապանի դիմակայունության թիմի համար

Ս/թ մարտի 22-24-ը Կապան քաղաքում տեղի ունեցավ «Դարձնենք քաղաքները դիմակայուն և աղետների ռիսկի կառավարման հիմունքներ» թեմայով հրահանգչային դասընթացը, որը նախատեսված էր Կապանի համայնքային դիմակայունության թիմի համար։

Դասընթացի նպատակն էր պատրաստել հրահանգիչներ, ովքեր հետագայում քաղաքապետարանում, դպրոցներում, մանկապարտեզներում, հանքարդյունահանող և վերամշակող ձեռնարկություններում կիրականացնեն նմանատիպ դասընթացներ` հանդիսանալով Կապան քաղաքի մարդկային ռեսուրսը ԱՌԿ գիտելիքի տարածման և բարձրացման ուղղությամբ:

Դասընթացը կազմակերպեցին և իրականացրեցին ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամը, ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության և Կապանի քաղաքապետարանի աջակցությամբ Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկերի կառավարման տարածաշրջանային ծրագրի» (DG ECHO IV) հայաստանյան բաղադրիչի մաս հանդիսացող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Համայնքի դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։

Դասընթացի սկզբում Արմեն Չիլինգարյանի (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր) և Արա Բարսեղյանի (ԱՌՆ ազգային պլատֆորմ) կողմից ներկայացվեց հրահանգչային դասընթացի նպատակը և ակնկալվող արդյունքները, որից հետո պրն․Չիլինգարյանը ներկայացրեց «Սեքսուալ և վերատադրողական առողջության ոլորտի կոորդինացիայի մեխանիզմների ներառումը ճգնաժամային իրավիճակներում» թեմայով զեկույց։

Հաջորդ զեկույցը հրահանգչային հմտությունների վերաբերյալ էր, որից հետո մասնակիցները ներկայացրեցին իրենց կողմից նախապես ուսումնասիրված զեկույցները: Այնուհետև քննարկվեցին մասնակիցների զեկույց ներկայացնելու լավ և վատ կողմերը և թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել զեկույց ներկայացնելու գործընթացն ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելու համար։ Այս գործընթացը շարունակվեց մինչև հաջորդ օրվա երկրորդ կեսը, որից հետո Կապանի համայնքային դիմակայունության թիմն իր տեսական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով՝ նախապատրաստվեց Կապանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատությունում «ԱՌՆ կրթություն» թեմայով դասընթաց իրականացնելուն:

Մարտի 24-ին դիմակայունության թիմը վերոնշյալ մանկապարտեզում իրականացրեց դասընթաց, որի ժամանակ ներկայացվեցին երկրաշարժի դեպքում վարքականոնները և ճանապարհային ավտանգության կանոնները: Դասընթացի նյութը երեխաներին ներկայացվեց տարբեր խաղերի և մուլֆիլմերի միջոցով։

Եռօրյա դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հրահանգչի վկայագրեր։

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով:
Միջոցառման մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ արձանագրություն։