IMG_5767

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ (ԱԻ) ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ

Հունիսի 10-11, 2017թ։ Սիսիան քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի և բժշկական կենտրոնի աշխատակիցների համար իրականացվեց «Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթացը։

Դասընթացի նպատակն էր բուժաշխատողներին և փրկարարներին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան կազմակերպել ու արտակարգ իրավիճակներում գտնվողներին, հատկապես` հղիներին ու ծննդաբերող կանանց, ցուցաբերել անհետաձգելի վերարտադրողական ծառայություններ, ինչը կնպաստի մայրական ու նորածնային մահացության ու հիվանդացության իջեցմանն ու կանխարգելմանը։

Դասընթացը կազմակերպել էին «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։

ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչ Մերի Սարուխանյանը մասնակիցներին ներկայացրեց դասընթացի հիմնական նպատակը, կարևորությունը, խոսեց Հայաստանում ԱՌՆ գործընթացների մասին, Կայուն զարգացման գլոբալ նպատակների և Սենդայի գործողությունների ծրագրի կապի մասին, որից հետո խոսքը փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) աշխատակազմի Մոր և մանկան առողջության պահպանման վարչության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանին, ով սկսեց հիմնական դասընթացը։
Վերջինս ներկայացրեց հետևյալ զեկույցները՝

• «Սեռական և վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում»,
• «Միջազգային հիմնական հանձնարարականները Մոր և մանկան առողջության պահպանման համար ճգնաժամային իրավիճակներում»,
• «Սեռական բռնության ենթարկված անձանց բժշկական ծառայությունների տրամադրում»,
• «ՄԻԱՎ/ՍՃՓՎ կանխարգելումը ճգնաժամային իրավիճակում»,
• «Կոմպլեքսային ծրագրերի պլանավորումը ՍՃՓՎ և ՄԻԱՎ-ի ոլորտում»,
• «Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ՝ աղետների ժամանակ վերարտադրողական առողջության ոլորտի խնդիրները հասցեագրելու համար»:

Ցուցադրվեց ծննդաբերություն ընդունելու վերաբերյալ կարճամետրաժ տեսաֆիլմ ։

Մասնակիցների համար նախատեսված էին նաև մի շարք գործնական աշխատանքներ, ինչը հնարավորություն տվեց նրանց ամրապնդել յուրաքանչյուր զեկույցից ստացած գիտելիքները։

Դասընթացներին ընդհանուր թվով մասնակցեց 78 անձ, որից 30-ը՝ տղամարդ, 48-ը՝ կին։
Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: