9

«Համայնքային ԱՌԿ ֆոնդ ստեղծելու և արդյունավետ կառավարարելու» ուղեցույցի նախնական տարբերակը ներկայացվեց Ստեփանավանում

ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համայնքային ֆոնդ» ծրագրի շրջանակներում մեկօրյա աշխատանքային այց ունեցանք Ստեփանավան համայնք:

Նպատակն էր ներկայացնել համայնքային մակարդակում ԱՌԿ ֆոնդի ստեղծման և կառավարման ուղեցույցի նախնական տարբերակը, բացահայտել առկա բացերը և քննարկել Ստեփանավան համայնքում ԱՌԿ ֆոնդ ստեղծելու քայլերը:

Աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում ունեցանք համայնքապետարանի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում ներկայացվեց ծրագրի նպատակը, նախատեսված գործողությունները, վերջնական ակնկալվող արդյունքը, համայնքապետարանի կարևոր դերը նախաձեռնության հաջող կայացման հարցում և այլն:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրից Ժաննա Հարությունյանն էլ իր հերթին ներկայացրեց «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի հիմնական ուղղությունները, որոնցից մեկի շրջանակներում էլ կյանքի է կոչվում վերոնոշյալ նախաձեռնությունը:

Հաջորդիվ աշխատանքները շարունակեցինք ավելի ներկայացուցչական կազմով՝ աշխատաժողովին ներգրավվելով Ստեփանավանում գործող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների (դպրոցներ, մանկապարտեզներ, բուժ. միավորում, Լոռէ փրկարար ջոկատ և այլն) և քաղաքացիների:
Ծրագրի փորձագիտական խումբը մասնակիցներին ներկայացրեց ընդհանուր գաղափարը, ԱՌԿ ֆոնդի առաջարկվող/հնարավոր գործունեության շրջանակները, ֆինանսական հնարավոր աղբյուրները, ֆոնդհայթայթման մեխանիզմերը, ֆոնդի ստեղծման կազմակերպաիրավական հնարավոր ձևաչափերը, թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը, ֆինասական կառավարման մեխանիզմները և մի շարք այլ հարցեր:
Ներկայացվածների վերաբերյալ ծավալվեց քննարկում: Քննարկման արդյունքները հաշվի կառնվեն և՛ ուղեցույցի վերջնականացման, և՛ Ստեփանավանում ԱՌԿ ֆոնդ ստեղծելու հարցերում:

Հաջորդիվ պլանավորված է ուղեցույցի նախագիծը քննարկել նաև ԱՌՆԱՊ համապատասխան թեմատիկ խմբի շրջանակներում:

ՀԻՇԵՑՈՒՄ: Նախաձեռնության նպատակն է՝ աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին, աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներին արձագանքման համայնքային կարողությունների զարգացման համատեքստում, ստեղծելու աղետների ռիսկի կառավարման ֆոնդ և արդյունավետ կառավարելու այն: Այն նաև նպատակ ունի բարձրացնել համայնքի բնակիչների սոցիալական պատասխանատվությունն ու համայնքային խնդիրներում սեփական դերի գիտակցումը:
Նախաձեռնությունը իրականացվում է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ: