1 հունիսի 2026

Ներկայացվել են ծրագրի առանցքային արդյունքները և ձեռքբերումները

Մայիսի 26-ին Երևանում անցկացվել է «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետների պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը, որի նպատակն էր ներկայացնել ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքները և քննարկել համայնքային դիմակայունության ու արտակարգ իրավիճակների պատրաստվածության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները։

Միջոցառումը մեկնարկել է ողջույնի խոսքով, որին հաջորդել են ծրագրի հիմնական արդյունքների, մշակված գործիքների և համայնքային մակարդակում իրականացված գործողությունների ներկայացումները։

Աշխատաժողովի առանցքային հատվածներից էր Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) նոր մշակված հարթակի ներկայացումը, որը հնարավորություն է տալիս առավել համակարգված մոտեցում ցուցաբերել ԱՌԿ ոլորտում իրականացված բազմաբնույթ աշխատանքների մեկտեղման, իրազեկման և վերլուծության համար։ Այն մշակվել է այնպիսի մոտեցմամբ, որը հնարավորություն է տալու, ըստ անհրաժեշտության, մոդուլ առ մոդուլ զարգացնել հարթակը՝ ապահովելով ավելի ամբողջական, ճկուն և կայուն տեղեկատվական միջավայր՝ ոլորտի տվյալների կառավարման, վերլուծության և որոշումների կայացման գործընթացների աջակցման համար։

Հարթակի ներկայացմանը հաջորդել է ծրագրի գործընկեր` ՀԵԿՍ ԵՊԵՐ կազմակերպության ներկայաուցիչների ելութը, որի ընթացքում ամփոփ խոսվել  է պարզագույն թաքստոցների, վաղ ազդարարաման համակարգի հայեցակարգի մասին, ինպես նաև ԱՌԿ պլանների հիման վրա մշակված վտանգների մոդելավորման ինտերակտիվ քարտեզները, որոնք կարող են ծառայել որպես կիրառական գործիք՝ ռիսկերի գնահատման, պատրաստվածության պլանավորման և արտակարգ իրավիճակներին արձագանքման գործընթացներում։

Ելույթով հանդես եկավ նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչը՝ ներկայացնելով սահմանների կառավարման հարցերը զանգվածային ներհոսքին պատրաստվածության համատեքստում, ինչպես նաև ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները, որոնք ուղղված էին համայնքային կարողությունների զարգացմանը, սոցիալական պաշտպանության բաղադրիչների ինտեգրմանը և աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության ամրապնդմանը:

Իսկ վերջում Վորլդ Վիժն Հայաստանի (ՎՎՀ) կողմից ներկայացվեց ՎՎՀ – ԱՌՆԱՊ համատեղ բաղադրիչի շրջանակում իրականացված աշխատանքների մասին, այդ թվում` Արարատ, Վարդենիս, Մարտունի, Վայք և Մեղրի համայնքների ԱՌԿ պլանների թարմացման, ԱՌԿ խորհուրդների վերապատրաստումների, նշված բոլոր համայնքների մանկապարտեզներում դասընթաց վարժանքների, բնակչության հետ տարված աշխատանքների, շտաբային վարժանքների, ապահով տարածքների վերանորոգման և կահավորման, ազդրարաման համակարգերի հասանելության ծածկույթի ընդլայնման, իրազեկման նյութերի մշակման և տարածման, երեխաների համար ԱՌՆ խաղի մշակման մասին:

Բաց քննարկումների և հարցուպատասխանի հատվածում մասնակիցները կարևորել են համայնքային մակարդակում նման գործիքների և մոտեցումների ներդրումը՝ ընդգծելով միջգերատեսչական համագործակցության, տվյալների պարբերական թարմացման և գործնական կիրառելիության ապահովման անհրաժեշտությունը։

Ամփոփելով միջոցառումը՝ մասնակիցները վերահաստատել են համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ընդգծելով, որ համայնքների դիմակայունության բարձրացումը պահանջում է համակարգված, ներառական և բազմաշահառու մոտեցումներ։

Աշխատաժողովին մասնակցել են պետական կառույցների, միջազգային և տեղական կազմակերպությունների, շահառու համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի անկախ փորձագետներ։

Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսվորմամբ և ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր վարչության (ECHO) համաֆինանսավորմամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի, ՆԳՆ Փրկարար ծառայության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամի, HEKS EPER-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Հայկական կարմիր խաչի ընկերության և գործընկեր համայնքների համատեղ ջանքերով։