«Առաջին օգնության հիմունքներ» թեմայով դասընթացներ
Առաջին օգնության գաղափարը ձևավորվել է մարդկության վաղ պատմության ընթացքում, երբ մարդիկ սկսել են օգնել վիրավորներին և հիվանդներին մինչև բուժողի կամ բժշկի հասանելի դառնալը։ Սակայն որպես կազմակերպված և ուսուցանվող համակարգ՝ առաջին օգնությունը զարգացել է հատկապես 19-րդ դարում։
Ժամանակակից առաջին օգնության համակարգի ձևավորման մեջ կարևոր դեր ունեցավ Անրի Դյունանը, ով Սոլֆերինոյի ճակատամարտից հետո նախաձեռնել էր վիրավորներին օգնություն ցուցաբերելու կամավորական շարժում։
1877 թվականին «Սուրբ Ջոն Անբուլանս» կազմակերպությունը սկսեց առաջին օգնության համակարգված ուսուցում իրականացնել բնակչության շրջանում։ Այդ ժամանակ առաջին օգնությունը հիմնականում ուղղված էր արդյունաբերական վնասվածքների և ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ արագ արձագանքմանը։
Այսօր առաջին օգնությունը համարվում է հանրային անվտանգության կարևոր բաղադրիչ և ընդգրկված է բազմաթիվ երկրների կրթական, առողջապահական և արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրերում։ Առաջին օգնության հմտությունները նպաստում են կյանքերի փրկությանը, տառապանքի մեղմմանը և արտակարգ իրավիճակներում մարդկանց դիմակայունության բարձրացմանը։
Ծառայության նկարագրություն
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը, հանդիսանալով աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկը Հայաստանում, առաջարկում է առաջին օգնության հմտություններ ձևավորող մասնագիտական դասընթացներ։
Դասընթացի ծրագիր
ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից մշակված դասընթացների ծրագիրը հիմնված է Եվրոպական վերակենդանացման խորհրդի (ERC) առաջին օգնության ուղեցույցների, միջազգային լավագույն փորձի, ինչպես նաև առաջին օգնության տրամադրման ազգային չափորոշիչների վրա (վերջինս իրավական ակտով հաստատված չէ, սակայն ընդունված է ոլորտի ճանաչված դերակատարների կողմից)։
Առաջարկվող դասընթացների ծրագիրը և բովանդակությունը մշտապես կատարելագործվում են՝ հիմնվելով փաստահեն և ապացուցահեն վիճակագրական տվյալների, միջազգային լավագույն փորձի և իրական դեպքերի վերլուծության վրա, ինչը հնարավորություն է տալիս ապահովել ժամանակակից, արդյունավետ և գործնական գիտելիքների և հմտությունների փոխանցում։
Մշակված ծրագիրը թույլ է տալիս մասնակիցներին սովորել գնահատել տարածքի անվտանգությունը, տուժածի վիճակը, ցուցաբերել առաջին օգնություն տարատեսակ վնասվածքների դեպքում, այդ թվում՝ արյունահոսության, այրվածքների, կոտրվածքների, գիտակցության կորստի, սուր որովայնի, հանկարծահաս հիվանդագին վիճակների, խայթոցների, օձի կծածի և այլ դեպքերում։ Մասնակիցները նաև կսովորեն աշխատել վիրակապական նյութերով, ինչպես նաև տեղափոխման մի շարք եղանակներ և մեխանիզմներ։
Ում համար են դասընթացները
Դասընթացները նախատեսված են բոլոր այն կազմակերպությունների (պետական, համայնքային, մասնավոր, քաղաքացիական հասարակության, միջազգային և այլն) համար, որոնք կարևորում են իրենց անձնակազմի արտակարգ իրավիճակներում ինքնօգնության և փոխօգնության հմտությունների զարգացումը՝ աշխատանքային միջավայրի դիմակայունության բարձրացման նպատակով։
Հիմնադրամը առաջարկում է 8, 12, 16, 24 և 40-ժամյա ուսումնական ծրագրեր։
- 8-ժամյա և 12-ժամյա դասընթացները նախատեսված են այն կազմակերպությունների աշխատակիցների համար, որոնք յուրաքանչյուր տարի իրականացնում են նույն աշխատակիցների վերապատրաստում առաջին օգնության ուղղությամբ։
- 16-ժամյա և 24-ժամյա դասընթացները նախատեսված են այն կազմակերպությունների համար, որոնց աշխատակիցները առաջին անգամ են ուսուցանվում առաջին օգնության ուղղությամբ։
- 40-ժամյա դասընթացը հրահանգիչների վերապատրաստման ծրագիր է։ Այն նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք հետագայում նպատակ ունեն սեփական հրահանգիչների միջոցով իրականացնել իրենց աշխատակիցների շարունակական վերապատրաստումները։
Հատուկ նշումներ
- Դասընթացի ժամերի ավելացումը ուղղված է ավելի մեծ ծավալի գործնական աշխատանքների և սիմուլյացիոն դեպքերի իրականացմանը։
- Այս պահին հիմնադրամը չի կազմակերպում դասընթացներ անհատների համար։
- Յուրաքանչյուր դասընթացի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 12-ը։
- Յուրաքանչյուր դասընթաց վարում են երկու հրահանգիչ։
Ինչու ընտրել մեզ
- Ձեռք կբերեք վստահելի և պրոֆեսիոնալ գործընկեր, որն ավելի քան 15 տարի գործունեություն է ծավալում աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտում՝ համագործակցելով պետական, տեղական, մասնավոր և միջազգային կառույցների հետ։ Մեր փորձը, մասնագիտական մոտեցումները և ոլորտում ձևավորված հեղինակությունը նպաստում են բարձրորակ ծառայությունների մատուցմանը և ոլորտի շարունակական կատարելագործմանը։
- Դասընթացները վարում են առաջին օգնության փորձառու հրահանգիչներ՝ 10 / 15 / 20 տարիների մասնագիտական փորձով, ոլորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդով և մշակված ուսումնական նյութերով։
- Ուսումնական ծրագրերը հիմնված են փաստահեն և ապացուցահեն տվյալների վրա։
- Դասընթացները կառուցված են այնպես, որ տեսական և գործնական մասերը լինեն հավասարակշռված։
- Դասընթացները հարմարեցվում են պատվիրատուի կարիքներին՝ հաշվի առնելով աշխատանքային միջավայրի առանձնահատկություններից բխող ռիսկերը։
- Հագեցած ենք տեսական և գործնական ուսուցման համար անհրաժեշտ նյութերով և միջոցներով (ձեռնարկներ, թեստեր, զեկույցներ, մանեկեններ, վիրակապական և փրկարարական նյութեր և այլն), ինչը կարևոր է արդյունավետ ուսուցման համար։
- Մեր դասընթացները ոչ միայն գիտելիք են փոխանցում, այլ նաև ձևավորում են գործնական հմտություններ։
- Ծառայությունների արժեքը հիմնավորված է որակով, փորձով և հեղինակությամբ։
Արդյունք
Կազմակերպությունը կունենա առաջին օգնության հմտություններով պատրաստված անձնակազմ և կբարձրացնի արտակարգ իրավիճակներին արագ ու արդյունավետ արձագանքման կարողությունները։
Ծառայությունների արժեքը
Ծառայությունների արժեքը ձևավորվում է մի շարք գործոնների հիման վրա, այդ թվում՝ ուսումնական ծրագրի տևողության (ժամերի քանակի), անցկացման վայրի, կազմակերպության կողմից ներկայացված հատուկ պահանջների, ինչպես նաև պահանջվող դասընթացների քանակի և այլ հանգամանքների։
Կապ
Համագործակցության և հարցերի համար օգտվեք «Կապ մեզ հետ» բաժնի հնարավորություններից, ինչպես նաև նշված էլեկտրոնային հասցեներից և հեռախոսահամարներից։
european union civil protection and humanitarian aid
unhcr
world vision armenia