ՀԶՈՐԱՑՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՀՐՇԵՋ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիսի 20-21, 2017թ։ Գորիս քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի և բժշկական կենտրոնի աշխատակիցների համար իրականացվեց «Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթացը։

Դասընթացի նպատակն էր բուժաշխատողներին և փրկարարներին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան կազմակերպել ու ցուցաբերել արտակարգ իրավիճակներում գտնվողների, հատկապես հղիների ու ծննդաբերող կանանց անհետաձգելի վերարտադրողական ծառայություններ, ինչը կնպաստի մայրական ու նորածնային մահացության ու հիվանդացության իջեցմանն ու կանխարգելմանը։

Դասընթացը կազմակերպել էին «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։

ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց դասընթացի հիմնական նպատակը, կարևորությունը, խոսեց Հայաստանում ԱՌՆ գործընթացների մասին, Կայուն զարգացման գլոբալ նպատակների և Սենդայի գործողությունների ծրագրի կապի մասին, որից հետո խոսքը փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանին, ով սկսեց հիմնական դասընթացը։

Ներկայացվեցին հետևյալ զեկույցները՝
• «Սեռական և վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում»,
• «Միջազգային հիմնական հանձնարարականները Մոր և մանկան առողջության պահպանման համար ճգնաժամային իրավիճակներում»,
• «Սեռական բռնության ենթարկված անձանց բժշկական ծառայությունների տրամադրում»,
• «ՄԻԱՎ/ՍՃՓՎ կանխարգելումը ճգնաժամային իրավիճակում»,
• «Կոմպլեքսային ծրագրերի պլանավորումը ՍՃՓՎ և ՄԻԱՎ-ի ոլորտում»,
• «Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ՝ աղետների ժամանակ վերարտադրողական առողջության ոլորտի խնդիրները հասցեագրելու համար»:
• Ցուցադրվեց կարճամետրաժ տեսաֆիլմ ծննդաբերություն ընդունելու վերաբերյալ։
Մասնակիցների համար նախատեսված էին նաև մի շարք գործնական աշխատանքներ, ինչը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ յուրաքանչյուր զեկույցի բովանդակությունը։

Դասընթացներին ընդհանուր թվով մասնակցեցին 69 անձ, որից 32-ը՝ տղամարդ, 37-ը՝ կին։
Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: